Առողջապահություն 4.2012
Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Ինչպես ընտրել ատամի պրոթեզը
Պրոթեզ տերմինը հունական ծագում ունի (prosthesis-միացում, ավելացում) և նշանակում է մարմնի արհեստական մաս (ձեռք, ոտք, ատամ և այլն): Ստոմատոլոգիայում պրոթեզավորումը կատարվում է կորցրած ատամը նորով փոխարինելու, ատամի վրա գոյացած թերությունը` կոտրվածքը, քայքայումը քողարկելու նպատակով և այլն: Ատամների պրոթեզավորման շնորհիվ վերականգնվում է ատամնաշարի արտաքին տեսքը, գեղեցկանում մարդու ժպիտը, բարձրանում նրա տրամադրությունը, կանոնավորվում է խոսելու և ծամելու գործընթացը, բարելավվում` մարսողությունը: Այս բոլորը նպաստում է ընդհանուր առողջության ամրապնդմանն ու կյանքի որակի բարձրացմանը:
Ատամների պրոթեզավորումն ունի գրեթե հինգ հազարամյա պատմություն: Պերուում կատարված հնեաբանական պեղումների ժամանակ ինկերի քաղաքակրթության ժամանակաշրջանին պատկանող գանգ է գտնվել, որի ստորին ծնոտի վրա պահպանվել են ծովային կենդանիների զրահա-շապիկից պատրաստված իմպլանտացված ատամներ: Ցավոք, այդ քաղաքակրթությունը դարերի ընթացքում ընդհատվել է, և գիտության ու արվեստի շատ բնագավառների վերաբերող փաստեր մեզ չեն հասել:
Մեր ժամանակներում օրթոպեդիկ ստոմատոլոգիան, որի գլխավոր բաժինն է ատամների պրոթեզավորումը, հիմնադրվել է ֆրանսիացի վիրաբույժ Նիկոլյա Անդրիի կողմից (1741թ.): Հայտնի է, որ նա եղել է Լյուդովիկոս XV թագավորի ատամնաբույժը, պատրաստել է ատամների պրոթեզներ իր ժամանակի ամենանշանավոր մարդկանց համար: Այդ ժամանակից ի վեր օրթոպեդիկ ստոմատոլոգիան հասել է զարգացման բարձր մակարդակի և ներկայումս թույլ է տալիս պատրաստել հարմարավետ, գեղեցիկ և օրգանիզմի համար անվնաս ատամնապրոթեզներ: Այս խնդրում բարեհաջող արդյունք ապահովելու համար պահանջվում է օրթոպեդ-ստոմատոլոգի և ատամնատեխնիկի մասնագիտական բարձր որակ, պրոթեզավորման տեսակի ու դրա համար անհրաժեշտ նյութի անհատական ճիշտ ընտրություն, հաճախորդի ընդհանուր և բերանի խոռոչի առողջական բավարար վիճակ և այլն:
Գոյություն ունեն ատամների պրոթեզավորման տարբեր դասակարգումներ: Ըստ պրոթեզի ծավալի և խորության, տարբերակում են միկրոպրոթեզավորում (նկ. 1), բուն պրոթեզավորում (նկ. 2) և իմպլանտացիա (նկ. 3): Միկրոպրոթեզավորումը ատամի վրա արհեստական պսակ դնելն ու դրանով պատենավորելն է: Բուն պրոթեզավորումը կորցրած մեկ կամ մի քանի ատամների փոխարեն արհեստական նյութից պատրաստած ատամներ տեղադրելն է: Իմպլանտացիայի էությունը ծնոտի լնդոսկրային համակարգի մեջ արհեստական ատամներ ներդնելն է:
![]() |
![]() |
![]() |
| Նկ. 1 | Նկ. 2. | Նկ.3. |
Հայտնի է բուն պրոթեզների երեք տեսակ` շարժական, անշարժ և պայմանական շարժական: Շարժական պրոթեզներն իրենց հերթին կարող են լինել լրիվ շարժական (ատամնաշարի լրիվ բացակայության դեպքում) և մասնակի շարժական (երբ պահպանված են լինում որոշ քանակությամբ ատամներ): Լրիվ շարժական պրոթեզը հիմնականում նստում է լնդի վրա, բերանում ամրանում պրոթեզի և լնդի միջև գոյացող վակուումի շնորհիվ: Առանձին դեպքերում լրացուցիչ ամրացման համար օգտագործում են սոսնձանյութեր:
Մասնակի շարժական պրոթեզը նույնպես հենվում է լնդի վրա, սակայն միաժամանակ մետաղյա կարթերի միջոցով ամրացվում է հարևան պահպանված ատամներին: Ըստ պատրաստման նյութի և կառուցվածքային սկզբունքի, գոյություն ունի մասնակի շարժական պրոթեզների 3 ձև` կարծր պլաստմասային-թիթեղային (նկ. 4), ճկուն պլաստմասային-նեյլոնային (նկ. 5) և բյուգելային (նկ. 6): Նեյլոնայինը թաթիկների միջոցով լավ ֆիքսվում է լնդի վրա: Սակայն պրոթեզի այս տեսակը խորհուրդ չի տրվում այն դեպքում, երբ պրոթեզավորումը տվյալ անձի մոտ առաջին անգամ է կատարվում: Բանն այն է, որ ցանկացած ձևի պրոթեզավորումից հետո առաջին 6 ամիսների ընթացքում ծամողական ակտի ժամանակ տեղի է ունենում լնդոսկրային ալվեոլար ելունի ապաճ, ինչպես ժողովուրդն է ասում` լինդը «նստում է», այսինքն` գոյանում է ազատ տարածություն լնդի ու պրոթեզի միջև և պրոթեզի ֆիքսացիան թուլանում է, ցավեր են առաջանում: Նեյլոնային պրոթեզի տեխնոլոգիան թույլ չի տալիս նման դեպքերում վերահենքավորել պրոթեզը, որն արվում է այլ ձևերի պրոթեզների դեպքում:
Բյուգելային պրոթեզն ունի աղեղանման հատված (գերմաներեն` bugel-աղեղ), որով կապվում են պրոթեզի աջ և ձախ կեսերը: Եթե այն պատրաստված է լինում վերին ծնոտի համար, ապա քիմքի մակերեսի միայն աննշան մասն է ծածկվում աղեղով, մնացածը մնում է բաց, ազատ, որի շնորհիվ համի և ջերմության զգացումը, ինչպես նաև խոսակցական ակտը գրեթե չեն տուժում:
![]() |
![]() |
![]() |
| Նկ. 4. | Նկ. 5. | Նկ.6. |
Անշարժ պրոթեզներ պատրաստվում են հատկապես երիտասարդների համար, երբ ատամնածնոտային համակարգը դեռևս բավական ամուր է և հուսալի` նման միջամտությունների համար: Անշարժ պրոթեզի ամենահայտնի և վաղ կիրառվող ձևը պսակն է (շապիկը), որը հագցվում և ցեմենտվում է մշակման ենթակա ատամին:
Ատամների մասնակի բացակայության դեպքում պատրաստվում է կամրջանման պրոթեզ` արհեստական ատամներով և կողքերից ամրացվում հենակետային ատամներին` պսակների միջոցով: Այս պրոթեզի դրական կողմն այն է, որ մշտապես ֆիքսված է մնում և հանելու անհրաժեշտություն չի լինում: Բացասականն այն է, որ կարիք է լինում շապիկը տեղադրելուց առաջ որոշ չափով տաշել հենակետային ատամները և դրանով խախտել նրանց ամբողջականությունը: Այս տեսակետից ավելի խնայող է սոսնձային-կամրջային պրոթեզը, որի դեպքում արհեստական ատամներն ամուր սոսնձվում են փոխարինվող հարևան ատամներին` ժամանակակից նյութերի օգնությամբ:
Ատամների պրոթեզների ժամանակակից տեսակներից է պայմանական շարժական պրոթեզը, որի դեպքում մեկ կամ մի քանի տիտանային ձողիկներ ներխրվում են ծնոտոսկրի մեջ, նրանց վրա պտուտակվում` ամրացվում է բուն պրոթեզը, որը կարելի է ժամանակ առ ժամանակ հանել (մաքրելու կամ հնացած մասնիկները նորերով փոխարինելու համար) և կրկին տեղադրել:
Որակյալ պրոթեզներ պատրաստելու հարցում կարևոր նշանակություն ունեն նյութի տեսակն ու որակը: Ներկայումս օրթոպեդիկ ստոմատոլոգիայում օգտագործվում են բազմաթիվ նյութեր` պլաստմասսա, կերամիկա, նեյլոն, մետաղ (պողպատ, ոսկի, արծաթ, պլատին), ճենապակի, ցիրկոնիումի երկօքսիդ և դրանց զուգորդումները: Կոնկրետ անձի համար պրոթեզը պատրաստելիս նկատի է առնվում ինչպես պրոթեզավորման տեսակը, այնպես էլ նրա համար նյութապես մատչելի լինելը:
Նախ նշենք պլաստմասայի մասին, որը կիրառվում է վաղուց և ունի այնպիսի առավելություններ, ինչպիսիք են տեխնիկապես հեշտ պատրաստելը, նյութապես մատչելի լինելը, թեթև քաշը: Սակայն պլաստմասան զիջում է ժամանակակից բոլոր նյութերին իր ոչ բավարար ամրությամբ (հատկապես հեշտ են կոտրվում լրիվ շարժական թիթեղային պրոթեզները), էսթետիկական տեսանկյունից բերանի լորձաթաղանթին բնորոշ գունային գամման հաճախ չի հաջողվում ստանալ: Որոշ քիմիական նյութերի և սննդանյութերի (թեյ, սուրճ, հատապտուղներ) ներգործությամբ փոխվում է պրոթեզի գույնը: Կոշտ պլաստմասայի մակերեսն ունի մանր ծակոտկենություն, որը ներծծում է բերանի խոնավությունը, հոտը, եղած մանրէները: Ոչ բավարար հիգիենայի դեպքում կարող է լնդախտ սկսվել:
Կոշտ պլաստմասային փոխարինելու եկավ նեյլոնային պլաստմասան, որը զերծ է վերը նշված բացասական կողմերից, ճկուն է, անվտանգ` ալերգիայի առումով: Իր բարակության և կիսաթափանցելիության շնորհիվ պրոթեզը բավական աննկատ է մնում կողմնակի աչքի համար, սակայն այն նույնպես խնամք է պահանջում, քանի որ բուն պրոթեզի զանգվածի և նրա վրայի արհեստական ատամների շփման տեղում գոյանում են ճեղքեր, որտեղ կարող են պահպանվել սննդի մնացորդներ, մանրէներ` առաջացնելով լնդերի բորբոքում:
Տարբեր տեսակի մետաղներն իրենց կայուն տեղն ունեն պրոթեզավորման մեջ: Ըստ պատրաստման տեխնիկայի, մետաղական պսակները կարող են լինել դրոշմված (շտամպված) տեսակի, այսինքն` ստացվում են պատրաստի պարկուճները ծեծելու և ատամի ձև տալու եղանակով: Դրանք լինում են արծաթափայլ կամ բուլատապատ: Սակայն նման ատամնապսակն ատամի վզիկի հատվածում անհարթ է անցնում դեպի ատամի մակերես, և ժամանակի ընթացքում այդ տեղում կուտակվում են մանրէներ, որի հետևանքով լնդերը բորբոքվում են և դառնում կարիեսի զարգացման պատճառ: Ահա թե ինչու գերադասելի է շապիկները պատրաստել նյութը ձուլելու և անհատական կաղապարի մեջ լցնելու միջոցով:
Այժմ լայնորեն օգտագործվում է կոմպոզիտը (պոլիմեր), որը բաղկացած է այնպիսի հավելումներից, ինչպիսիք են հատուկ ապակին, ճենապակու փոշին, կրեմնիումը, կվարցը և այլն, որոնք պրոթեզին տալիս են ցանկալի որակ: Ոչ պակաս կիրառում ունի նաև նուրբ կերամիկան, որից ստացվում են թեթև էսթետիկ պրոթեզներ` հատկապես առջևի ատամների շապիկների համար: Կերամիկան նաև ամենից անվնաս նյութն է օրգանիզմի համար, լնդերը և բերանի լորձաթաղանթը չի գրգռում: Այս տեսակետից գերադասելի են նաև ազնիվ մետաղների համաձուլվածքները: Չնայած քրոմոնիկելային և քրոմոկոբալտային ձուլվածքները ավելի հաճախ են օգտագործվում ատամների պրոթեզավորման համար, սակայն ալերգիայի դեպքում կարող են առաջացնել լուրջ խնդիրներ: Բավական մեծ ամրություն ունի և կենդանի հյուսվածքների համար անվտանգ է ցիրկոնիումի երկօքսիդը, որի հիմքի վրա կերամիկայից պատրաստված ատամնաշապիկները բնական ատամներին բնորոշ տեսքով, լույսի թափանցելիությամբ, օրգանիզմի համար անվտանգությամբ, երկարակեցությամբ անզուգական են:
Այսպիսով, յուրաքանչյուր դեպքում կատարված պրոթեզավորման որակը երևում է նրանից, թե որքան ազատ է մարդն իրականացնում սնունդ ծամելու պրոցեսը, որքան անկաշկանդ է ժպտում ու ծիծաղում, մասնակցում խոսակցությանը: Այլ կերպ ասած` դա նշանակում է, որ բժշկի կողմից, հաճախորդի համաձայնությամբ տվյալ դեպքում ճիշտ են ընտրվել պրոթեզի և´ տեսակը, և´ նյութը:
16.01.2013 Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Կարդացեք նաև
22.01.2013
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ընկերության մասին
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ





